Մխիթար Գոշ. Առյուծը, գայլը և աղվեսը

ԱՌՅՈԻԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Առյուծը, գայլը և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի, և մի գառ։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին՝ բաժանիր մեր մեջ այդ որսը։

Եվ գայլն ասաց,

– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին։

Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ։

Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, բաժանիր ոչխարները մեր մեջ։

Եվ աղվեսն ասաց.

– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին։

Եվ առյուծն ասաց.

– Ո՜վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։

Եվ աղվեսն ասաց.

– Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով